Լրահոս

14.02.2012 17:42


ՄԻՊ–ն ու «Առաքելություն Հայաստան» ՀԿ–ն փախստականների վիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին

ՄԻՊ–ն ու «Առաքելություն Հայաստան» ՀԿ–ն փախստականների վիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակով, որտեղ իրենց անհանգստությունն են հայտնում շուրջ 3000 նախկին փախստականների, իսկ այժմ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց սոցիալական վիճակի կապակցությամբ։ Ներկայացնում ենք նամակը ստորև.

Հարգելի պարոն Սարգսյան

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ` ցանկանում ենք անդրադառնալ հետևյալ կարևորագույն խնդրին:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԱՀ ԲՀԿ) իր 24-ամյա գործունեության ընթացքում ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ հանրապետության 8 մարզերում հիմնել է սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցող շուրջ 50 համայնքային ենթակառույցներ: Դրանք են՝ բարեգործական ճաշարաններ, համայնքային կենտրոններ, ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ, ծերանոցներ, սոցիալական սենյակներ, բուժկետեր, գրադարաններ, ուսումնական կենտրոններ, սոցիալական տուն (առաջինը ՀՀ-ում), որոնք այսօր վերանորոգված, լավագույնս կահավորված, սարքավորումներով հագեցած, արհեստավարժ աշխատակիցներով համալրված, խոցելի խմբերի համար սոցիալական ծառայությունների մատուցման այլընտրանքը չունեցող կառույցներ են։ Դրանց միջոցով սոցիալ-առողջապահական ծառայություններ են մատուցվում շուրջ 8 000 միայնակ տարեցների, փախստականների, հաշմանդամների և այլ անապահով անձանց:

Շուրջ 15 տարի լինելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ծրագրեր իրականացնող գործընկերը՝ ԱՀ ԲՀԿ-ն հանրապետության տարբեր մարզերում ՄԱԿ ՓԳՀ-ի հովանավորությամբ փախստականների համար իրականացնում է սոցիալ-առողջապահական համայնքային ծրագրեր: 
ԱՀ ԲՀԿ-ի կողմից սպասարկվող վերոնշյալ 8 000 շահառուների մեջ մեծ մաս են կազմում Ադրբեջանից բռնագաղթած փախստականները: Նրանցից գերակշիռ մասը այսօր արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն:

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ իշխանությունները, համապատասխան լիազոր մարմնի միջոցով և ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ տարիներ շարունակ իրականացրել են փախստականների ՀՀ քաղաքացիության ընդունման գործընթաց: Ժամանակին պատրաստվել են թերթոններ, ուղեցույցներ, փախստականների շրջանում տարվել է բացատրական աշխատանք` ՀՀ քաղաքացիության ընդունման առավելությունների մասին: Փախստականների մոտ մեծ մտավախություն կար, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով, իրենք կկորցնեն այն բոլոր արտոնությունները, որոնք ունեն լինելով փախստական՝ ստանալ բնակարան, Ադրբեջանում թողնված ունեցվածքի փոխհատուցում և այլն:

Այդ մտավախությունները փարատելու նպատակով` 2000 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենք:

ՄԱԿ ՓԳՀ-ն, որը թե ՀՀ քաղաքացիություն ստացած և թե փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար մինչ այժմ հանդիսացել է սոցիալ-առողջապահական, մարդասիրական, կրթական ծրագրեր իրականացնող հիմնական հովանավոր, 2012 թվականից ծրագրեր է ֆինանսավորելու միայն փախստականի կարգավիճակ ունեցող և փախստականի կարգավիճակ հայցող անձանց համար:

Արդյունքում ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին փախստականները՝ որոնց շուրջ 40%-ը տարեցներ, ֆիզիկական և մտավոր առողջության խնդիրներ ունեցող հաշմանդամներ և կանանցով ղեկավարվող ընտանիքներ են` զրկվել են իրենց համար կենսականորեն կարևոր սոցիալ-առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից (համաձայն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի տվյալների` 2955 անձ):

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը` խնդրում ենք Ձեր հանձնարարականը` սոցիալ-առողջապահական ծրագրերից դուրս մնացած թե ՀՀ քաղաքացիություն ստացած և թե փախստականի կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները շարունակելու համար նախատեսել անհրաժետ միջոցներ:
Հարգանքով`

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյան
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հ.Կիրակոսյան

 

Այս խորագրի վերջին նյութերը